Նախաքննական մարմինը կանչել է Գյումրիում սպանված Ավետիսյանների հարազատներին, որպեսզի նրանց հանձնի բնակարանը, որտեղ կատարվել է դաժան սպանությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ավետիսյանների դստեր՝ Անահիտի ամուսինը՝ Արթուրը:
Նա նշեց, որ նախաքննական մարմինը հայտնել է, որ ավարտել են տան հետ կապված գործողությունները եւ այն հանձնում են իրենց, այլեւս ոստիկանների հսկողություն չի լինի Ավետիսյանների տանը: Հարազատներն էլ խնդրել են, որպեսզի ոստիկանները հսկողությունը շարունակեն, քանի որ հետագայում հնարավոր է նորից այդտեղ ինչ-որ գործողություններ անելու անհրաժեշտություն լինի: «Ամեն րոպե կարող են մտնել թալանել, բայց տանը հետագայում դեռ կարող են ինչ-որ գործողություններ արվել, դրա համար խնդրել ենք երկարացնեն հսկողությունը, մինչեւ տեսնենք՝ ինչ է լինում, ոչ կարող ենք ձեռ տալ տանը, ոչ էլ թողնել»,-ասաց Արթուրը
Նա նշեց, որ Ավետիսյանների հարազատները որոշել են տունը պահպանել որպես հայրական տուն: Նախկինում նրանք ցանկանում էին այն հանձնել քաղաքապետարանին եւ փոխարենը ուրիշ տուն ստանալ, քանի որ ասում էին՝ ողբերգական միջադեպից հետո չէին կարողանա այդտեղ ապրել: Արթուրը նշեց, որ ամեն ինչի ավարտվելուց հետո տունը կմաքրեն, տեսը կբերեն եւ կպահպանեն այն, գուցե մի օր էլ ինչ-որ մեկը կարողանա այդտեղ ապրել: Ինչ վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործին, նա նշեց, որ թեեւ քննությունից ամիսներ է անցել, սակայն դեռ ոչինչ պարզ չէ, ամենագլխավորը սպանության մոտիվացիան անհայտ է:
Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015թ. հունվարի 12-ին։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, որտեղ յոթ օր անց մահացել էր: Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։ Մինչեւ օրս հարազատների համար անհայտ են սպանության պատճառները: Նրանց համար կասկածելի է նաեւ սպանության մեջ մեղադրվող անձը, արդյոք նա միայնակ է գործել եւ ինչպես է կարողացել միայնակ սպանել ընտանիքի 7 անդամներին: Փետրվարի 3-ին ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը միջնորդությամբ դիմել էր ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային՝ Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած դաժան սպանության դեպքով հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահներին փոխանցելու հարցով:





























