Մեկ ամիս հոգեբուժարանում անցկացրած եւ այնուհետեւ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչների ահազանգից հետո հոգեբուժարանից դուրս գրված՝ Երեւանի բնակչուհի Ժուլետա Ամարիկյանի փաստաբանը դիմել է դատարան՝ բողոքարկելով քննիչի եւ գլխավոր դատախազի գործողությունները: Այս մասին NEWS.am-ին ասաց փաստաբանը՝ Տիգրան Հայրապետյանը:
«Քննիչը մերժել է միջնորդությունը եւ հրաժարվել փորձագետներ ճանաչել միջազգային փորձագետներին: Փաստորեն քննիչը որոշում կայացրեց, որ առանց Ջուլետա Ամարիկյանի մասնակցության՝ փաստաթղթային փորձաքննություն լինի, մինչդեռ իմ պաշտպանյալը հենց այդ փաստթղթերում առկա եզրակացությունն է վիճարկում: Բացի դրանից՝ մարտի 25-ին դիմել ենք գլխավոր դատախազին, որ քննիչին բացարկ ենք հայտնում: Սակայն առ այսօր պատասխան չենք ստացել: Այդ պատճառով դիմել ենք դատարան»,- ասաց փաստաբանը:
Նշենք, որ Ժուլետա Ամարիկյանի հարազատների զանգով 2013թ. նրան «Շտապօգնության» մեքենայով տեղափոխել են Ավանի հոգեբուժարան՝ հարկադիր բուժում ստանալու: Նրա մոտ ախտորոշվել էր հոգեկան հվանդություն՝ զառանցական խանգարումներ: 28 օր անց նրան բաց են թողել հոգեբուժարանից: Ժուլետա Ամարիկյանի եւ նրա փաստաբանի կողմից տրված հաղորդման հիման վրա քրեական գործ էր հարուցվել, այժմ ընթանում է նախաքննություն:





























