Շուշիի ազատագրման տարեդարձի առթիվ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ եւ ՀՀ ՊՆ աջակցությամբ թեմի երիտասարդները ուխտի կգնան Արցախ:

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնից հայտնում են, որ մայիսի 8-ին՝ ժամը 11.00-ին, Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի գլխավորությամբ Հաղթանակի գոհաբանական աղոթք վեր կառաքեն Շուշիի ս. Ղազանչեցոց եկեղեցում:

Եռօրյա ուխտագնացության ընթացքում երիտասարդները հոգեւոր ու ազգային երգերի համերգային ծրագրով կայցելեն Շուշիի, Մարտակերտի եւ Ստեփանակերտի զորամասեր: Ելույթ կունենան ԱՀԹ «Ծաղկազարդ», «Արարատ» երգչախմբերը եւ «Վարք հայոց» ավանդական երգի պարի խումբը:

Զորամասերում զինվորների համար կկազմակերպվեն հայկական ավանդական խաղեր: ԱՀԹ «Արարատ» երիտասարդաց միության նախաձեռնած «Նամակ զինվորին» ծրագիրով զինվորներին կփոխանցեն մանկատների, գիշերօթիկ դպրոցների ու երեխաների խնամքի կենտրոնների սաների քաջալերող նամակները:

Ուխտավորները կայցելեն նաեւ Տիգրանակերտ: Մայիսի 10-ին Գանձասարի ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում կմասնակցեն ս. պատարագի: