Կանանց ռեսուրս կենտրոնների շրջանում համագործակցությունը խթանելու նպատակով՝ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը կազմակերպել է Կանանց ռեսուրս կենտրոնների եվրոպական ասոցիացիայի՝ «ՎԻՆՆԵՏ Եվրոպայի» պատվիրակության այցը Հայաստան:
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ 2009թ. հիմնադրվել են Կանանց ռեսուրսային կենտրոններ Գորիսում, Կապանում եւ Մեղրիում: Կենտրոնները ձեւավորեցին Սյունիքի կանանց ռեսուրս կենտրոնների ցանցը եւ 2014 թ.-ին դարձան «ՎԻՆՆԵՏ Եվրոպայի» անդամ:
«Կենտրոնները նշանակալից առաջընթաց են արձանագրել վերջին մի քանի տարիների ընթացքում», - նշեց ԵԱՀԿ գրասենյակի ժողովրդավարացման ծրագրերիի ղեկավար Օլիվեր ՄըքՔոյը. «ՎԻՆՆԵՏ Հայաստանի ստեղծումը վկայում է բազմակողմանի համագործակցության մասին եւ կարող է որպես օրինակ ծառայել մյուս կազմակերպություններին՝ գործակցելու երկրի ներսում եւ սահմաններից դուրս»:
Այցի ընթացքում «ՎԻՆՆԵՏ Եվրոպայի» ներկայացուցիչները փոխանակեցին իրենց փորձը՝ խթանելու կանանց դերը եւ մրցունակությունը սոցիալական, տնտեսական եւ քաղաքական ոլորտներում պետական, մարզային եւ տեղական մակարդակներում:
«ՎԻՆՆԵՏ Շվեդիա» եւ «ՎԻՆՆԵՏ Եվրոպա» կազմակերպությունների նախագահ եւ տնօրեն Բրիտ-Մարի Սյոդերբերգ Թորսթենսոնը նշեց. «Քանի դեռ աշխատանքի, աշխատանքային պայմանների, պետության եւ տարածաշրջանային կայուն աճի համար գենդերային հավասար պայմաններն ու հնարավորությունները՝ այդ թվում կանանց եւ տղամարդկանց համար նորարարության եւ ձեռներեցության հնարավորությունները չեն գերակշռում, եւ քանի դեռ հասարակությունում իշխանության եւ ազդեցության համամասնական հավասարակշռություն չկա ՝ մենք գործ ունենք խտրականության հետ»:
«ՎԻՆՆԵՏ Հայաստանի» նախագահ Ռուզաննա Տոռոզյանը կարեւորեց ռեսուրս կենտրոնների ազդեցությունը գյուղական համայնքներում, որտեղ ցանցը ստեղծել է շուրջ հարյուր աշխատատեղի հնարավորություն կանանց համար. «Ներգրավված լինելով արհեստագործական ծրագրերում, այդ կանայք ոչ միայն պատրաստում են գորգեր, հուշանվերներ եւ այլ արտադրանք, այլեւ վերականգնում են հին ավանդական արհեստները: «ՎԻՆՆԵՏ Հայաստանը» նաեւ աշխատում է՝ խթանելու կանանց քաղաքական հզորացումը, որի վկայությունն է այն, որ Սյունիքն ունի ամենաշատ կին ներկայացուցիչները տեղական իշխանություններում»:
Այցի ընթացքում «ՎԻՆՆԵՏ Եվրոպայի» պատվիրակությունը հանդիպեց պետական մարմինների ներկայացուցիչների հետ Երեւանում եւ այցելեց Գորիս՝ ծանոթանալու գործունեության հետ եւ քննարկելու հետագա համագործակցությունը: «ՎԻՆՆԵՏ Հայաստանը» ներառում է Գորիսի, Կապանի, Մեղրիի, Սիսիանի, Դիլիջանի, Իջեւանի ու Եղեգնաձորի Կանանց ռեսուրսային կենտրոնները:





























