Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ապրիլի 30-ին, ժամը 08.40-ին Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 51-ամյա Կոլյա Մ.-ն եւ հայտնել, որ Սովետաշենում Ծիտոն եւ Միշոն ծեծել են իրեն, այժմ ինքը դանակահարված գտնվում է «Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցու մոտ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նույն օրը, ժամը 11.40-ին, հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «աջ հոնքային շրջանի սալջարդ պատռած վերք, աջ դաստակի ափային մակերեսի քերծած վերք» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել Կոլյա Մ.-ին, որը հայտարարել է, որ Նուբարաշենի գերեզմանատանը ծեծի է ենթարկվել:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ոստիկանության Էրեբունու բաժնի եւ Նուբարաշենի բաժանմունքի ծառայողների  ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ապրիլի 29-ին, ժամը 16.30-ի սահմաններում ոմն Ծիտո եւ Միշո  Նուբարաշենի կամրջի մոտ վիճաբանել են Կոլյա Մ.-ի հետ, որի ժամանակ Ծիտոն ոտքով մեկ անգամ հարվածել է Կոլյա Մ.-ի աջ կողքին եւ դանակով վնասել վերջինիս աջ դաստակի ափը, այնուհետեւ նույն օրը, ժամը  17.30-ի սահմաններում, Երեւան քաղաքի «Գումի շուկայի» մոտ «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի սրահում Միշոն  բռունցքով հարվածել է Կոլյա Մ.-ի հոնքի շրջանին եւ պատճառել  վնասվածք:

Ոստիկանության ծառայողները պարզել են, որ ոմն Միշոն  19-ամյա Միքայել Ս.-ն է, իսկ ոմն Ծիտոն` 32-ամյա Տիտալ Ս.-ն, որոնք մայիսի 6-ին, ժամը 22.30-ին, ներկայացել են ոստիկանության Էրեբունու բաժին եւ տվել բացատրություններ:

Կատարվում է քննություն: