ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վանաձորի թիվ 24 դպրոցի մոտ անչափահասների դանակահարության դեպքի առթիվ հարուցված  քրեական գործի նախաքննությունը:

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախաքննությամբ  պարզվել են դանակահարության հանգամանքները։ Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ դպրոցում սովորող իր քրոջը վիրավորելու հարցի շուրջ անչափահաս  Ն.Ադամյանը  2014 թվականի դեկտեմբերի 2-ին` ժամը 14:00-ի սահմաններում, Վանաձորի թիվ 24 դպրոցի ետնամասում վիճաբանության մեջ է մտել նույն դպրոցի 12-րդ դասարանում սովորող աշակերտներից մեկի հետ։

Վիճաբանությանը միջամտել են վերջինիս համադասարանցիները՝ Տ. Գեւորգյանը եւ Ռ. Պետրոսյանը։ Ն.Ադամյանն իր մոտ գտնվող դանակով հարվածել է վիճաբանությանը միջամտած աշակերտներին, որի հետեւանքով Տ. Գեւորգյանի կրծքավանդակի ձախ կեսի առաջնային մակերեսին պատճառվել է ծանր մարմնական վնասվածք։

Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա Ն.Ադամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

2015 թվականի մայիսի 4-ին քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: