Մարտը դրական ոչինչ չբերեց մանրածախ առեւտրի ոլորտին: Հիշեցնենք, որ անցյալ տարի հանրապետությունում ապրանքների վաճառքի ֆիզիկական ծավալը կրճատման միտում արձանագրեց: Այս տարի դրան ավելացավ նաեւ ընթացիկ գներում մանրածախ առեւտրաշրջանառության ծավալի անկումը: Պատճառն արտաքին մասնավոր դրամական փոխանցումների կրճատումն է:
Մարտին հանրապետության մանրածախ առեւտրաշրջանառության ծավալն ընթացիկ գներում կրճատվել է 6.3 մլրդ դրամով (կամ 2.3%-ով): Միաժամանակ, առավել մեծ անկում՝ 9.9 մլրդ դրամի չափով (17%), գրանցվել է «առեւտրի այլ օբյեկտներում», որոնք հիմնականում ավտոմոբիլային վառելիք եւ շարժիչի յուղ են իրացնում: Հավելենք, որ մայրաքաղաքային խանութներում առեւտրաշրջանառության ծավալների անկումը կազմել է գրեթե 3.5 մլրդ դրամ (2.1%):
Հասկանալի է, որ շրջանառության կրճատումն առեւտրային ձեռնարկություններին չափազանց բարդ դրության մեջ է դնում: Քանի որ առեւտրում վնասների մի մասը մշտական բնույթ է կրում (օրինակ՝ տարածքի վարձույթի վճարի մասով), ապա շրջանառության կրճատման պարագայում եկամտի մեծությունը կրճատվում է: Իսկ վատագույն դեպքում առեւտրային ձեռնարկությունները պարզապես կսնանկանան:
Մեկ տարվա ընթացքում երկրում առեւտրի կրպակների թիվը կրճատվել է 667 միավորով (կամ 19%-ով), այդ թվում՝ Երեւանում՝ 364 միավորով (նույնպես 19%-ով): Խանութներով անհնար է որոշել փակված օբյեկտների թիվը՝ վիճակագրական հաշվառման մեթոդի փոփոխության պատճառով: Մասնավորապես, ներկայում խանութների թվում ներառվում են նաեւ դրանց մասնաճյուղերը, որոնք իրավաբանական կարգավիճակ չունեն:
Այդ պատճառով առեւտրի օբյեկտների թիվն արհեստականորեն աճել է: Բացի այդ, հաշվարկներում նաեւ մասնաճյուղերը ներառելը թաքցնում է խանութների թվի կրճատման իրական մակարդակը: Երեւանում, որտեղ առեւտրային խոշոր ձեռնարկությունների մասնաճյուղերը շատ են, խանութների թիվը, ամեն դեպքում, նվազել է 22 միավորով: Իրականում «փակված» խանութների թիվը շատ ավելին է:




























