«Վերնիսաժի» գործով ամաբաստանյալ Գոռ Առաքելյանն արարքը կատարելու պահին գտնվել է աֆեկտի վիճակում, որը մեղմացնում, կամ ազատում է նրան պատժից։ Այս մասին այսօր՝ մայիսի 7-ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ասաց ամբաստանյալի պաշտպան Երեմ Սարգսյանը՝ միջնորդելով նշանակել դատահոգեբանական եւ դատահոգեբուժական համալիր փորձաքննություն, որի եզրակացությունը կօգնի ճիշտ քրեաիրավական որակում տալ իր պաշտպանյալի արարքին։
«Ակնհայտ է, որ արարքը կատարելու պահին Գոռ Առաքելյանը գտնվել է հոգեկան խիստ հուզված վիճակում, քանի որ ֆիզիկապես ուժեղ Ներսեսը եւ Վալերիկը 5 րոպե շարունակ կնոջ եւ երեխայի ներկայությամբ հայհոյել եւ հարվածել են։ Ես պնդում եմ, որ նրա մոտ առկա է եղել աֆեկտի 3 փուլերին բնորոշ վիճակ, որի ուղղությամբ նախաքննական մարմինը, դատախազի թողտվությամբ համապատասխան փորձաքննությունը չի նշանակել եւ անհիմն մերժել են այն, պատճառաբանելով, թե Գոռ Առաքելյանը հաշվառված չէ որեւէ հոգեբուժական դիսպանսերում։ Փորձաքննությունն անհրաժեշտ է, քանի որ եթե պարզվի, որ իմ պաշտպանյալը աֆեկտի վիճակում է գտնվել, ապա նա մեղմ պատիժ կկրի, կամ կազատվի պատժից»,- իր միջնորդության մեջ նշել էր պաշտպանը։
Երեմ Սարգսյանի խոսքով՝ այժմ վարույթ իրականացնող մարմինը դատարանն է, որը պարտավոր է նշանակել դատահոգեբանական եւ դատահոգեբուժական համալիր փորձաքննություն, որը կպարզի, թե արդյոք Գոռ Առաքելյանի արաքը կատարելու պահին եղել է աֆեկտի վիճակում, թե ոչ ։
Նախագահող դատավոր Գագիկ Պողոսյանը պաշտպանին նկատողություն արեց, դատարանին ոչ թե պարտադրել, այլ խնդրել, կամ միջնորդել, ինչին ի պատասխան պաշտպանն ասաց, որ ինքն օրենքին հղում անելով է դատարանին իր պարտավորության մասին հիշեցնում։
Միջնորդության վերաբերյալ կողմերը առարկություններ չունեին, միայն դատախազ Հարություն Սարգսյանը միջնորդությանը ծանոթանալու, ապա իր դիրքորոշումը հայտնելու նպատակով միջնորդեց հետաձգել դատական նիստը։
Դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստը կկայանա մայիսի 19-ին։
Հիշեցնենք, որ 2014թ. մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում կրակոցներ էին հնչել «Վերնիսաժի» տարածքում։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Գոռ Առաքելյանը (ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան) Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ վեճի բռնվելով Վալերիկ Հովհաննիսյանի եւ Ներսես Մելքոնյանի հետ, փորձել է ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել նրանց, ինչպես նաեւ անկանոն կրակ է բացել՝ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելով պատահական անցորդների։ Գոռ Առաքելյանը մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու, ինչպես նաեւ երկու եւ ավելի անձանց առողջությանը ծանր, մեկ անձի՝ միջին ծանրության վնաս պատճառելու համար, իսկ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Ավելի ուշ կալանավորվել են նաեւ Ներսես Մելքոնյանը եւ Վալերիկ Հովհաննիսյանը՝ խուլիգանության մեղադրանքով։
Նշենք, որ դատախազ Հարություն Սարգսյանն այսօր՝ փոխեց առաջադրվող մեղադրանքը, որով ամբաստանյալը ոչ թե դիտավորյալ սպանության փորձ է կատարել, այլ դիտավորությամբ մարմնական վնասվածքներ է հասցրել տուժողների։ Գոռ Առաքելյանն այժմ մեղադրվում է Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի, 1-ին, 6-րդ եւ 10-րդ կետերով, 112-րդ հոդվածի 2-րդ մասի, 1-ին, 5-րդ, 9-րդ կետերով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով: Վալերիկ Հովհաննիսյանին եւ Ներսես Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Երեքի դեպքում էլ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:





























