ԱԺ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, 73-ամյա Գոհար Ենոքյանի դեմ հարուցված քրեական գործով արդեն երկու առերեսում է տեղի ունեցել, սակայն դրանք չեն հիմնավորել նրա  մեղավորությունը: Այս մասին այսօր՝ մայիսի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ենոքյանի փաստաբան Գեղամ Հակոբյանը:

«Որեւէ նոր հանգամանք, նոր փաստ առաջադրված մեղադրանքի հիմնավորվածության առումով գոյություն չունի, չի էլ կարող ունենալ, քանի որ դեպքը տեղի չի ունեցել, հորինված սցենար էր, հանգամանքներ են վերագրվում բոլորովին այլ նպատակներով: Գործի ստեղծումն ու դրա զարգացումները գույքային նպատակ են հետապնդում, փորձում են այս միջոցով իրենց գույքային խնդիրները լուծել»,- ասաց փաստաբանը:

Գեղամ Հակոբյանը նշեց, որ դատավարական ընթացակարգերով բողոքարկումներ կլինեն իր կողմից:

Նշենք, որ այսօր լրանում էր Գոհար Ենոքյանի ձերբակալության 72 ժամը: ՀՀ գլխավոր դատախազին էին դիմել ԱԺ մի խումբ պատգամավորներ՝ միջնորդելով Գոհար Ենոքյանին ազատել արգելանքից՝ ելնելով ձերբակալվածի տարիքից եւ առողջական վատ վիճակից (հիպերտոնիա): Գոհար Ենոքյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է  ստորագրություն չհեռանալու մասին:

Գոհար Ենոքյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 35-րդ, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ  8-րդ կետերով: 

Ըստ նախաքննական մարմնի՝ Գոհար Ենոքյանը Արայիկ  Ենոքյանի հետ Խաժակ  Բադալյանի միջոցով նախկին ԲՀԿ-ական Կարո Կարապետյանից (Յուվեցի Կարո)  վերցրած գումարները հափշտակելու եւ չվերադարձնելու նպատակով  կատարել է Կարո Կարապետյանին կյանքից դիտավորությամբ զրկելու` սպանության նախապատրաստությանն ուղղված գործողություներ, սակայն դա ավարտին չի հասցրել: