ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ԱԺ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանի դեմ առաջադրված՝ սպանություն նախապատրաստելու հոդվածով մեղադրանքի իրավաչափության մասին դեռ չի ցանկանում խոսել: Լրագրողների հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ իր կարծիքը կհայտնի միայն ապացույցների ներկայացվելուց հետո:

«Մեղադրանք ներկայացնելը դեռ ոչինչ չի նշանակում: Մեղադրանք ներկայացնելու հետ պետք է ներկայացնեն նաեւ այդ մեղադրանքը հիմնավորող լրջագույն ապացույցներ: Երբ ներկայացնեն ապացույցները, այդ ժամանակ իմաստ կունենա խոսել մեղադրանքի իրավաչափության մասին»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը: 

Նաիրա Զոհրաբյանը հույս հայտնեց, որ դատական պրոցեսը բաց ու թափանցիկ կլինի:

Նշենք, որ Գոհար Ենոքյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 35-րդ, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ  8-րդ կետերով: 

Ըստ նախաքննական մարմնի՝ Գոհար Ենոքյանը Արայիկ  Ենոքյանի հետ Խաժակ  Բադալյանի միջոցով նախկին ԲՀԿ-ական Կարո Կարապետյանից (Յուվեցի Կարո)  վերցրած գումարները հափշտակելու եւ չվերադարձնելու նպատակով  կատարել է Կարո Կարապետյանին կյանքից դիտավորությամբ զրկելու` սպանության նախապատրաստությանն ուղղված գործողություներ, սակայն դա ավարտին չի հասցրել: