ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մասնակցել է Վաշինգթոնի ազգային տաճարում Հայոց ցեղասպանությանը նվիրված միջկրոնական աղոթքին: Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:
«Պատիվ եմ ունեցել մասնակցելու Ազգային տաճարում Հայաստանի «աղոթքին՝ հանուն արդարության եւ խաղաղության»: Փոխնախագահ Բայդենը եւ ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Փաուերը միացել են նախագահ Սերժ Սարգսյանին»,- գրել է ամերիկացի համանախագահը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ում Սերժ Սարգսյանն արդեն հանդիպել է Արիզոնայից ընտրված սենատոր Ջոն ՄաքՔեյնի, Ռոդ Այլենդից սենատոր Ջեք Ռիդի, Նյու Ջերսիից սենատոր Ռոբերտ Մենենդեզի, Սենատի հանրապետական մեծամասնության ղեկավար Միթչ ՄքՔոնելի հետ: Նա նաեւ այցելել է Վաշինգթոնի Հոլոքոստի թանգարան, ԱՄՆ կոնգրեսի գրադարանում ծանոթացել գրադարանի հայկական ցուցանմուշներին:
Սերժ Սարգսյանը մայիսի 5-ին հանդիպում է ունեցել նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ: Վերջինս այդ այցի մասին իր Titter-ի միկրոբլոգում գրել էր. «Ես այսօր ողջունել եմ ՀՀ Նախագահին իմ հայրենի քաղաքում՝ Վաշինգտոնում: Այս երեկո մենք հնարավորություն ունեցանք խոսել ԼՂ խնդրի շուրջ ընթացող բանակցությունների մասին»:
Նշենք, որ այսօր՝ մայիսի 8-ին, Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին եւ Հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումներին:





























