Ռուսական Oktogo.ru առցանց պատվերների ծառայությունը հրապարակել է ռուս զբոսաշրջիկների շրջանում մայիսյան տոների ժամանակ ճանապարհորդության համար ամենանախընտրելի քաղաքները։

ԱՊՀ քաղաքների ցուցակում Երեւանը զբաղեցնում է 2-րդ տեղը։ Առաջին տեղում է Բելառուսի մայրաքաղաք Մինսկը։ Առաջին տասնյակում են Ալմաթին, Բաքուն, Տաշքենդը, Կիեւը, Բրեստը, Օդեսան, Վիտեբսկը եւ Քիշինեւը։

Ռուս զբոսաշրջիկները մայիսյան տոներին Երեւան են այցելել միջինը 4 օրով եւ այդ ընթացքում հյուրանոցների վրա ծախսել են օրական 85 դոլար։ Համեմատության համար նշենք, որ Մինսկում հյուրանոցները միջինում արժեն 67 դոլար, իսկ Ալմաթիում՝ 56։

Վարկանիշային աղյուսյակը կազմվել է 2015թ. մայիսի 1-ից 11-ը ընկած հատվածում հյուրանոցների ամրագրված համարների տվյալների հիման վրա։

Ոչ ԱՊՀ անդամ քաղաքների վարկանիշի առաջին տասնյակում են հայտնվել Ռիգան, Վիլնյուսը, Տալլինը, Հելսինկին, Պրահան, Բեռլինը, Վարշավան, Ստամբուլը, Հռոմն ու Փարիզը։