Քաղսիում ինքնասպանություն գործած 87-ամյա կինը 1-2 տարի առաջ կորցրել էր որդուն եւ հարսին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Քաղսիի գյուղապետ Սահակ Ալեքսանյանը:

Նա նշեց, որ կինը ուներ երկու դուստր եւ երկու որդին: 1-2 տարի առաջ երիտասարդ հասակում մահացավ նրա որդին, այնուհետեւ վերջինիս կինը: Դրանից հետո Քաղսի բնակչուհին ծանր հոգեկան ապրումների մեջ էր: «Անընդհատ ասում էր, թե ես կարոտել եմ տղուս, առանց իրեն չեմ կարող ապրեմ, կգնամ, իմ տղուն կհասնեմ: Ասում էր, բայց ոչ մեկի մտքով չէր անցնում, թե կարող է նման քայլի դիմել»,-ասաց Սահակ Ալեքսանյանը: Նա նշեց, որ տարեսկզբից սա երկրորդ ինքնասպանության դեպքն է իրենց գյուղում, ավելի վաղ մահացողի հարեւանն էր ինքնասպան եղել: Նա նշեց, որ ինքնասպանություն գործած կինը գրություն չի թողել: Գյուղապետն ասաց, որ նա ապրում է որդու ընտանիքի հետ, շատ նորմալ, համերաշխ ընտանիք էր:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կոտայքի մարզի Քաղսի գյուղում տարեց կին է կախվել: NEWS.am-ի տեղեկություններով՝ 87-ամյա Ծիրան Գրիգորյանը մայիսի 7-ին, ժամը 08.00-ի սահմաններում ինքնասպանություն է գործել տան բակում գտնվող գոմի դռան դիմացի ծածկի փայտից պոլիէթիլենային պարանով կախվելու միջոցով: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում: