Ուսանողից կաշառք վերցնելու պահին ձերբակալված ԵՊՀ աշխատակիցը հենց այսօր կհեռացվի աշխատանքից, համապատասխան հրահանգն արդեն տրված է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

«Դիսպետչեր է, անհաջող մի անձնավորություն, իմ կողմից խիստ նկատողություն ստացած, անհավասարակշիռ բնավորությամբ մի անձնավորություն, նա չի վերահսկում ուսումնական գործընթացի անմիջական  բովանդակությունը, նա ուղղակի դիսպետչեր է, որը հսկում է, թե դասը այսինչ լսարանում կայացավ, թե ոչ, հիմա բնականաբար պետք է հեռացվի աշխատանքից վստահությունը կորցնելու հիմքով, այսօր կհեռացվի»,-ասաց ռեկտորը:

Նա նշեց, որ նախկինում կաշառք վերցնելու հետ կապված տվյալ աշխատակցի մասին ահազանգեր չի ստացել, իսկ նախկինում նկատողություն ստացել է աշխատանքային կարգուկանոն խախտելու եւ անփութության համար: Այդ ժամանակ, սակայն, Արամ Սիմոնյանը նրան չհեռացրեց աշխատանքից, քանի որ աշխատանքային օրենսդրությունը դա թույլ չէր տալիս, նման դեպքերում պետք է նկատողություն տրվի, որոշակի գործընթաց անցնի, հետո օրենսգրքով սահմանվում է՝ որ դեպքում կարող են հեռացնել, որով՝ ոչ:

Երեւանի  Պետական Համալսարանի ուսումնամեթոդական վարչության ուսումնական գործընթացի վերահսկման բաժնի ավագ  տեսուչ Արթուր Աճեմյանը աշխատում է 2007թ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 7-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ- հետախուզական միջոցառումների  արդյունքում՝ կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Երեւանի  Պետական Համալսարանի ուսումնամեթոդական վարչության ուսումնական գործընթացի վերահսկման բաժնի ավագ  տեսուչ Արթուր Աճեմյանը:

ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնում են, որ Արթուր Աճեմյանը, նույն համալսարանի հեռակա ուսուցման ավարտական կուրսի ուսանող  Կ. Ս.-ի երկու քննությունների  գնահատականները  դրական  նշանակելու գործընթացը  կարգավորելու համար պահանջել եւ ստացել է 300 ԱՄՆ դոլար կաշառք: Փաստի առթիվ ԱԱԾ Քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: