Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը պատրաստվում է առաջիկա շաբաթվա ընթացքում դիմում ներկայացնել՝ ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին մասնակցելու համար: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ռեկտորն ասաց, որ փաստաթղթերն է պատրաստում, պետք է գործունության ծրագիր ներկայացնի, այժմ դրա վրա է աշխատում:

Ինչ վերաբերում է մրցակիցներ ունենալուն, ապա ռեկտորը չի մտահոգվում: «Ես իմ գործերն եմ պատրաստում, մյուսների մասին մտածելու ինչ բան ունեմ, բաց մրցույթ է, ով որ համապատասխանի պայմաններին, կարող է  ներկայացնել գործերը, դա իմ խնդիրը չէ, տվյալ մարդու խնդիրն է, իմ խնդիրն է իմ գործերը տալ, ներկայացնել ծրագիրը»,-ասաց նա:

Նշենք, որ այս տարի ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցույթներ կանցկացվեն երեք բուհերում՝ Երեւանի պետական համալսարան, Երեւանի պետական բժշկական համալսարան եւ ՀՊՃՀ:

ԵՊԲՀ-ում ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցույթին մասնակցելու համար դիմումներ կարող են ներկայացվել ապրիլի 21-ից մինչև մայիսի 21-ը, մրցույթը կկայանա հունիսի 5-ին, ժամը 10:00-ին, փակ գաղտնի քվեարկությամբ: Մրցույթին մասնակցելու համար դիմում-հայտ է ներկայացրել գործող ռեկտոր Միքայել Նարիմանյանը:

Իսկ Երեւանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստում որոշվել է ԵՊՀ ռեկտորի պաշտոնի համար բաց մրցույթ անցկացնել 2015թ. հունիսի 19-ին: Արամ Սիմոնյանը, ով  ԵՊՀ ռեկտոր է 2006թ մայիսից, մեզ հետ զրույցում ասել էր, թե դեռ չգիտի՝ դիմել մրցույթին մասնակցելու համար, թե ոչ: