Այս տարի առաջին անգամ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչությունն իրականացնում է ռիսկերի վրա հիմնված ստուգումներ ոչ առեւտրային կազմակերպություններում:
ՀՀ արդարադատության նախարարի 2014թ. նոյեմբերի 24-ի հրամանով հաստատված ստուգումների պլանային ծրագրի համաձայն՝ 2015 թվականին նախատեսվում է իրականացնել ստուգումներ 15 հիմնադրամում, 10 հասարակական կազմակերպությունում եւ 10 կուսակցությունում:
Այս տարվա փետրվարից Տեսչության աշխատակիցներն արդեն ստուգումներ են իրականացրել «Պատմոս-Արարատ» բարեգործական, «Ներդրումների պաշտպանության» եւ «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամներում:
Ստուգումների արդյունքում հայտնաբերվել են տարաբնույթ խախտումներ, որոնց հիմքով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքի համաձայն, կազմվել են համապատասխան ակտեր, ինչի հիման վրա նշանակվել են վարչական տույժեր՝ «նախազգուշացումներ» եւ սահմանվել են ժամկետներ հայտնաբերված խախտումները շտկելու համար:
Հատկանշական է, որ ստուգման ենթարկված բոլոր սուբյեկտները ակտերի վերաբերյալ առարկություններ չեն ներկայացրել եւ պատրաստակամություն են հայտնել սահմանված ժամկետում շտկել հայտնաբերված խախտումները:
Հիմնադրամներից մեկի ստուգման արդյունքում հայտնաբերվել են նաեւ ՀՀ իրավական ակտերի պահանջների խախտման հատկանիշներ, որոնց քննության իրականացումը դուրս է Տեսչության իրավասության շրջանակից: Այս կապակցությամբ, չնայած հիմնադրամի կողմից ներկայացված առարկություններին, համապատասխան գրություն է հասցեագրվել ՀՀ ֆինանսների նախարարության հարկային տեսչություն:
Տեսչության կողմից կազմված ակտերի հիման վրա Վարչական տույժի ենթարկված հիմնադրամներից «Պատմոս–Արարատ» բարեգործական հիմնադրամն արդեն իսկ կատարել է վարչական տույժ նշանակելու մասին որոշման պահանջը, իսկ «Ներդրումների պաշտպանության» եւ «Արմենիան Լայթհաուս» հիմնադրամները դեռ չեն կատարել վարչական մարմնի պահանջը:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության կողմից 2015 թվականին ստուգման ենթակա ոչ առեւտրային կազմակերպությունների ցանկը հրապարակվել էր ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքում:





























