NEWS.am-ը զգալի կրճատումներով ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում Անդրե Դեբատիստայի՝ «The Times of Malta» պարբերականում հրապարակված հոդվածը:
Լեհաստան ներխուժումից առաջ Օբերզալցբերգում ելույթի ժամանակ Ադոլֆ Հիտլերը մատնանշում է զանգվածային կոտորածի մի տեսակ: Գիտակցելով հնարավոր բացասական արձագանքները՝ նա փորձում է ցրել իր կողմնակիցների կասկածները. «Ի վերջո, հիմա ո՞վ է հիշում հայերի կոտորածի մասին»:
Վերջերս կիրակնօրյա քարոզի ժամանակ Հռոմի Ֆրանցիսկոս Պապը հիշատակեց հայերի այդ կոտորածը՝ այն կոչելով «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»: Նրա մեկնաբանությունները լավ չընդունվեցին Թուրքիայի կողմից: Պատմական ուսումնասիրություններ կատարելու Էրդողանի կոչը սին հայտարարություն է. գիտնականներին բազմիցս են վախեցրել, եւ ժամանակ առ ժամանակ արխիվային նյութերի հասանելիությունը սահմանափակվել է: Սակայն ինքնուրույն հետազոտություն անցկացրած բոլոր գիտնականները Ցեղասպանության օգտին համոզիչ ապացույցներ են գտել: Հայոց ցեղասպանության մասին ակնարկների ժողովածուում Նորման Նայմարկը ներկայացրել է այդ սարսափազդու իրադարձությունների համատեքստը:
1915 թվականի ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսի հայ մտավորականության 250 ներկայացուցիչների տեղահանեցին Թուրքիայի այլ վայրեր: Ոմանք մահացան: Վերապրածներից մեկը հետագայում դա «հայկական Գողգոթա» է անվանել: Դրան հետեւեց ուժեղ տղամարդկանց, իսկ ավելի ուշ՝ նաեւ կանանց եւ երեխաների տեղահանությունը:
Ավելի ուշ բազմաթիվ հանցագործներ 1919 եւ 1921 թվականների միջեւ Մալթայում ձերբակալվեցին: Նրանց դատապարտելու ջանքերը մի շարք պատճառներով ձախողվեցին՝ ներառյալ քաղաքական ճնշումները: Նրանց ազատ արձակումը համընկավ Մեծ Բրիտանիայի եւ Թուրքիայի միջեւ բանտարկյալների փոխանակմանը:
Հետագայում Ռաֆայել Լեմկինը հայերի կոտորածը որպես «ցեղասպանություն» բառի սահմանման հիմք օգտագործեց: Չնայած անհերքելի ապացույցներին՝ Թուրքական հանրապետությունը նախկինի պես հրաժարվում է ընդունել, որ ցեղասպանություն է տեղի ունեցել:
Նայմարկը նշել է, որ «առողջ ազգային գիտակցությունը չի կարող հավատարիմ լինել փակ արկղում պահվող սարսափելի գաղտնիքին»: Հենց Թուրքիայի համար ճանաչումը կարող է «հիշողության մաքրման» հանգեցնել: Հանգուցյալ Հովհաննես Պողոս II Պապի եւ կարդինալ Յոզեֆ Ռաթցինգերի (հետագայում՝ Բենեդիկտոս XVI) մշակած հայեցակարգը հիմնվում է երկու գաղափարի վրա. ներկան չի կարող օգտագործվել որպես անցյալի դատավոր, սակայն անցյալի սխալները չեն կարող հերքվել:
Այսպիսով, ճանաչումը հաշտեցմանը նպաստող հիմնական գործոնն է դառնում: Հայոց ցեղասպանության ճանաչումը կարող է նաեւ վերացնել դարավոր անջրպետը՝ Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների կարգավորման ավելի լայն հնարավորություններ ստեղծելով:





























