Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) ողջունում է Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ առեւտրի եւ ներդրումների մասին Շրջանակային համաձայնագրի ստորագրումը: Այս մասին NEWS.am-ին հաղորդեցին Հանձնախմբի մամուլի ծառայությունից:

Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի տնօրեն Արամ Համբարյանը, միաժամանակ, նշել է. «Առեւտրի եւ ներդրումների մասին Շրջանակային համաձայնագիրը կարեւոր առաջընթաց քայլ է հայ-ամերիկյան տնտեսական հարաբերություններում, որը կնպաստի աշխատատեղերի ստեղծմանը, հույսի ամրապնդմանը, երկու երկրներում հնարավորությունների ստեղծմանը: Առավել լայն իմաստով այն քայլ է դեպի ավելի սերտ համագործակցություն: Օրինակ՝ մենք կցանկանայինք, որպեսզի ԱՄՆ-ն եւ Հայաստանը բանակցություններ սկսեն հարկային համաձայնագրի շուրջ: Ամերիկյան եւ հայկական ընկերություններին կրկնակի հարկումը խոչընդոտում է տնտեսական հարաբերությունների զարգացմանը, երկու կողմից էլ ներդրումների աճին, եւ այն պետք է չեղարկվի»:

ANCA-ն առցանց արշավ է սկսել՝ հասցեագրված ֆինանսների նախարար Ջեք Լյուիին՝ կոչ անելով սկսել ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ հարկային համաձայնագրի նախապատրաստական աշխատանքները: Հանձնախումբը նաեւ ԱՄՆ Կոնգրեսի անդամներին տեղեկացնում է այդպիսի համաձայնագրի առավելությունների մասին:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի պատվիրակության կազմում Վաշինգտոնում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ ԱՄՆ առեւտրային ներկայացուցչի տեղական Դեն Մուլանին մայիսի 7-ին Հայաստանի նախագահի ներկայությամբ ՀՀ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ առեւտրի եւ ներդրումների մասին Շրջանակային համաձայնագիր են ստորագրել: Փաստաթղթի համաձայն, Հայաստանն ու Միացյալ Նահանգները հաստատում են երկու երկրների միջեւ առեւտրի եւ առեւտրաշրջանառության խրախուսման եւ ներդրումների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու իրենց մտադրությունը: