Գյումրիի բախումների գործը պետք է կարճվի հանցակազմի բացակայության հիմքով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գործի շրջանակներում մեղադրյալ Մնացական Ալեքսանյանի փաստաբան Հայկ Հարությունյանը:
Նա նշեց, որ վաղուց պետք է այդ գործը կարճվեր: «Ուշ, թե շուտ այդ գործը կկարճվի, ժամանակի հարց է»,-ասաց փաստաբանը: Հայկ Հարությունյանն ասաց, որ առայժմ գործը կարճելու մասին տեղեկություն չունի:
Նշենք, որ Մնացական Ալեքսանյանը Գյումրիի բախումների գործով ձերբակալված առաջին անձն էր: Մնացական Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ խուլիգանություն, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով: Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Հիշեցնենք, որ բախումները տեղի էին ունեցել հունվարի 15-ին Գյումրիում ՌԴ հյուպատոսարանի շենքի առջեւ ոստիկանների եւ ցուցարարների միջեւ: Բախումներից հետո Գյումրիի հիվանդանոց էր դիմել 33 անձ, որոնցից 10-ը քաղաքացի, 23-ը՝ ոստիկան:
Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին Հայաստանին հանձնել Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի 7 անդամներին սպանելու համար մեղադրվող Վալերի Պերմյակովին:





























