Ամերիկյան Թեխաս նահանգի Ներկայացուցիչների պալատի անդամ Դուեյն Բոհաքը հրաժարվել է մոլորության մեջ գցող՝ «Ի նշանավորումն Ադրբեջանում սեւ հունվարի իրադարձությունների 25-րդ տարելիցի» անվանումով բանաձեւի նախագծի քննարկումից, որը նա ներկայացրել էր ապրիլի վերջին: Փաստաթղթում բազմաթիվ ոչ ստույգ պատմական վկայություններ էին ներկայացված իրադարձությունների մասին, որոնք հանգեցրել են երկրի անկախությանը, ինչպես նաեւ ժողովրդի ինքնորոշման եւ անկախության իրավունքի շուրջ քաղաքականության վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Արեւմտյան Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի մամուլի ծառայությունից:

Արեւմտյան Ամերիկայի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Էլեն Ասատրյանը նշել է. «Ուրախ էինք Ներկայացուցիչների պալատի անդամ Դուեյն Բոհաքի արագ արձագանքից, որը վերանայել իր որոշումն ու հետ կանչեց բանաձեւի նախագիծն այն բանից հետո, երբ ավելի լավ ծանոթացավ Ադրբեջանին եւ տարածաշրջանին վերաբերող փաստերին»:

Բոհաքի օգնական Ջեֆ Սթոուքսը հաղորդել է, որ նրա գրասենյակն ընտրողներից բազմաթիվ խնդրանքներ է ստացել՝ բանաձեւի այդ նախագիծը ներկայացնելու մասին: «Երբ հասկացանք, որ դա սխալ էր, որոշեցինք մշտական արգելափակման ենթարկել այն»,- ասել է Սթոուքսը՝ պարզաբանելով, որ Թեխասի օրենսդրության համաձայն, օրինագծի մշտական արգելափակումը նշանակում է, որ այդ բանաձեւի վերաբերյալ հետագայում որեւէ գործողություն չի ձեռնարկվելու:

Բանաձեւի նախագիծն արգելափակելու մասին որոշումն ընդունվել է մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Արեւմտյան Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը սկսել է աշխատանք տանել տեղական համայնքների ղեկավարների եւ ակտիվիստների հետ, որպեսզի նրանք Բոհաքին տեղեկացնեն այն փաստերի մասին, որոնք հանգեցրել են Ադրբեջանի անկախությանը՝ նախագահ Իլհամ Ալիեւի կոռումպացված եւ ավտորիտար ռեժիմի հետ՝ բերելով այդ երկրում մարդու իրավունքների կոպտագույն խախտումների, որոնց մասին ամերիկյան մամուլը սկսել է ավելի հաճախ գրել: