Հայաստանի ոստիկանապետ Վլադամիր Գասպարյանը չի մեկնաբոնում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ վերջին միջադեպը, քանի որ դա վերաբերվում է գլխավոր դատախազությանն ու Քննչական կոմիտեին:

Նրա խոսքով՝ առհասարակ տեղի ունեցող իրադարձությունները շատ հաճախ ուռճացվում են:

«Կարծում եմ Սյունիքը, Գյումրին եւ մյուս տարածքները չեն տարբերվում միմյանցից: Մի քիչ բնավորության, տեսակի տարբերություններ կան: Օրինակ լոռեցիներն ավելի հանգիստ են, բայց կարող են, ինչ որ պահի իրենք էլ կատարեն այնպիսի հանցագործություն, որ զարմանաս»,-ասաց նա: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Գորիսում հերթական ծեծկռտուքն է տեղի ունեցել, որին, ըստ նախնական տեղեկությունների, մասնակցություն է ունեցել նաեւ Սյունիքի մարզպետի որդին՝ Տիգրան Խաչատրյանը: NЕWS.am-ի տեղեկություններով՝ մայիսի 2-ին,  երեկոյան, Սյունիքի մարզպետի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, մեքենա վարելիս զուգահեռ անցնող ավտոմեքենան երթեւեկությունը խախտել է,  վեճ է առաջացել, ապա պայմանավորվել են հանդիպել Սդղի գյոլ կոչվող հատվածում: Երեկոյան երկու եղբայրները, որոնք Ավետիք Բուդաղյանի հետ բարեկամական կապեր ունեն եւ որոշակի խնդիրներ են ունեցել Սյունիքի մարզպետի հետ, գնացել են նշված տարածք:

2 եղբայրներին դիմավորել են 40-ից ավելի երիտասարդներ, վիճել են, հայհոյել եւ հավաքվածները ծեծի են ենթարկել եղբայրներին: Նրանցից մեկի վիճակը ծանր է եղել, տեղափոխվել է Երեւան: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ երիտասարդի աչքն է վնասված եւ առայժմ հայտնի չէ, թե վիրահատությունից հետո տեսողությունը կվերականգնվի, թե՝ ոչ:

Թե Սուրիկ Խաչատրյանը, թե նրա կինը՝ Լորետան, մեզ հետ զրույցում հերքել էին, թե իրենց որդին կատ ունի ծեծկռտուքին: