Վայոց ձորի 16-ամյա բնակչուհին, ով կորցրել է 24-25 շաբաթական հղիությամբ պտղին, հետագայում կարող է մայրանալ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի կենտրոնի` Հանրապետական ծննդատան ղեկավար Ռազմիկ Աբրահամյանը:

Նա նշեց, որ կինը մոտ 10 օր պտղի խաղը չի զգացել, դիմել է տեղի բժիշկներին, ախտորոշվել է պտղի մահ, ուղարկել են Հանրապետական ծննդատուն: Բժիշկը նշեց, որ կնոջ արգանդը չի հեռացվել, նա ինքնուրույն ծննդաբերել է, վիճակը լավ է, արդեն դուրս է գրվել հիվանդանոցից:

«Մահացած պտուղը բավականին վտանգավոր է, կարող է ինֆեկցիա առաջացնել, արյան մակարդելիության անկում, արյունահոսություն, տրոմբոլիա եւ այլն: Բայց, բարեբախատաբար, այս դեպքում կինը դիմել է ժամանակին, որեւէ բարդություն չի եղել, օժանդակել ենք, ինքնուրույն ծննդաբերել է, նա կարող է հետագայում մայրանալ»,-ասաց Ռազմիկ Աբրահամյանը:

Իսկ թե ինչը կարող էր պտղի մահվան պատճառ հանդիսանալ, տնօրենն ասաց, որ այն ուղարկել են զննության, պարզ կլինի միայն փորձաքննության ավարտից հետո: Առհասարակ, նման դեպքերում տարբեր պատճառներ կարող են լինել, օրինակ՝ ներարգանդային ինֆեկցիա, պորտալարի փաթաթում, աղջիկը բավականին երիտասարդ էր, հնարավոր է դեռ օրգանիզմը ադպատցված չէ հղիության համար:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վայոց ձորի 16-ամյա բնակչուհին կորցրել է 24-25 շաբաթական հղիությամբ պտղին: Դեռ չծնված երեխան մահացել է մոր արգանդում:

NEWS.am-ի տեղեկություններով՝ ահազանգը ստացվել է մայիսի 6-ին, ժամը 19.55-ին «Հանրապետական» ծննդատնից: Այնտեղ բուժօգնության է դիմել  «24-ից 25 շաբաթական մահացած պտուղ» ախտորոշմամբ Աննա Զ.-ն: Աղջիկը 2014 թ. օգոստոսի 17-ին ամուսնացել է իր համագյուղացու հետ, երեխան նրանց առաջնեկն էր: Կատարվում է քննություն: