ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում մայիսի 8-ին մահացած շարքային զինծառայող Հարություն Համբարյանը Լոռու մարզի Արեւաշող համայնքից էր: NEWS.am-ի հետ զրույցում համայնքի ղեկավար Պերճ Պապիկյանը հայտնեց, որ Հարությունը սովորում էր Հայաստանի ագրարային համալսարանի առաջին կուրսում:

«Մանկավարժի ընտանիքից էր Հարությունը. հայրը դպրոցի փոխտնօրենն է, նաեւ ավագանու անդամ է, իսկ մայրն էլ դպրոցի հաշվապահն է: Իրենից մեծ քույր ունի: Նորմալ, կրթված, հային վայել երեխա էր»,- ասաց գյուղապետը:

Նա հայտնեց, որ Հարությունն ընտանիքի հետ խոսել է դեպքից մեկ օր առաջ: Թե ինչ է տեղի ունեցել զորամասում, Համբարյանները տեղյակ չեն:

«Ոչ մի խնդիր չի ունեցել զորամասում: Ամեն ինչ նորմալ է եղել»,- ավելացրեց նա:

Նշենք, որ Քննչական կոմիտեն դեպքի առթիվ մայիսի 8-ին քրեական գործ է հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով: Նույն օրը կատարվել է դեպքի վայրի զննություն, Հարություն Համբարյանի դիակի արտաքին զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ավելի վաղ ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ մայիսի 8-ին` ժամը 15:10-ին, ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մարտական հերթապահության կրման ժամանակ մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Հարություն Հրայրի Ղամբարյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: