ՀՀ փոխոստիկանապետ Անուբաղ Համբարյանը չի ցանկանում մեկնաբանել Արցախում մահացած իր ազգական, ժամկետային զինծառայող Հարություն Համբարյանի մահվան պատճառները; NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա ասաց, որ չի ցանկանում անդրադառնալ դեպքին, ընթանում է նախաքննություն, որի արդյունքում ամեն ինչ կպարզվի։

Անուբաղ Համբարյանն ասաց, որ զինծառայողի ընտանիքը, հարազատները եւ առհասարակ ամբողջ գյուղը խորը վշտի մեջ է, նրանք ի վիճակի չեն որեւէ մեկնաբանություն տալու։

Փոխոստիկանապետից տեղեկացանք, որ Հարություն Համբարյանը միշտ գոհ է եղել իր ծառայությունից, շուտով՝ դեկտեմբերին, զորացրվելու էր։

Նշենք, որ Քննչական կոմիտեն դեպքի առթիվ մայիսի 8-ին քրեական գործ է հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Նույն օրը կատարվել է դեպքի վայրի զննություն, Հարություն Համբարյանի դիակի արտաքին զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ավելի վաղ ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ մայիսի 8-ին` ժամը 15:10-ին, ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մարտական հերթապահության կրման ժամանակ մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Հարություն Հրայրի Ղամբարյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Նշենք, որ Հարությունը փոխոստիկանապետի հոր հորեղբոր որդին էր եւ բնակվում էր նրա հարազատ՝ Արեւաշող գյուղում: Համագյուղացիները մեզ հետ զրույցում ասացին, որ ծանոթ լինելով Հարությունի հավասարակշռված բնավորությանը, չեն հավատում ինքնասպանության վարկածին: