Խոսքերի մակարդակով սպառնալիքները որեւէ փաստ իրենց մեջ չեն կրում, խոսել կարելի է ինչ ասես, բայց դա չի նշանակում, որ այդ ամենը կնյութականացվի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սպառնալիքներին, թե հնարավոր է հետ կանչի Մոսկվայից իր դեսպանին:

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր պետություն ունի իր շահերը, եւ յուրաքանչյուր պետություն իրավունք ունի պաշտպանել իր շահերը: «Յուրաքանչյուր պետություն իրավունք ունի ունենալ իր դաշնակիցները եւ առեւտրային գործընկերները: Այստեղ մենք հստակ առաջնահերթություններ ենք դնում: Նախագահ Պուտինը ամեն ինչ ասաց, երբ եկել էր այստեղ Ցեղասպանության միջոցառումների առթիվ: Ես կարծում եմ, որ ավելացնելու ոչինչ չկա»,-նշել է դեսպանը:

Թուրքական HaberartiTurk կայքն իր «Էրդողանի եւս մեկ բարեկամություն վերջացավ» հոդվածում անդրադարձել է ՌԴ նախագահի կողմից Ցեղասպանություն բառն արտասանելուց հետո Թուրքիայի արձագանքին եւ Էրդողանի հայտարարությանը։

«Իշխանության գալու առաջին օրերից արտաքին քաղաքականության մեջ «զրո խնդիր հարեւանների հետ» ուղեգծի մասին հայտարարած Էրդողանն իշխանության 13-րդ տարում դեռեւս բարեկամ մնացած մի քանի հարեւան երկրների ղեկավարներից մեկի՝ Պուտինի հետ բարեկամությունն էլ զրոյացրեց»,-գրել է թուրքական կայքը՝ մեջբերելով թուրք գիտնականների հետ հանդիպման ժամանակ Էրդողանի խոսքերը, թե ինքը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ, հայտնել, որ կոտրված է Ցեղասպանության մասին նրա հայտարարությունից եւ չի բացառել դեսպանին հետ կանչելու տարբերակը։