Նեպալի փրկարարները Հիմալայան լեռնաշղթայի դժվարամատչելի տեղանքում սկսել են մոտ 150 քաղաքացիների տարհանումն այն բանից հետո, երբ այնտեղ հանգստյան օրերին մի քանի ձնահոսք էր տեղի ունեցել։
Մայիսի 9-ից սկսած՝ ձնահոսքը ժամանակ առ ժամանակ ակտիվանում է, ինչը վտանգավոր է լեռներում գտնվող մարդկանց համար։
Տարհանումը բարդացնում է այն հանգամանքը, որ ճանապարհները մնացել են ձնակույտերի տակ, իսկ ոտքով տեղաշարժվելը ժամանակատար է։ Ինչպես նաեւ մարդկանց տարհանող ուղղաթիռների վայրէջքի համար համապատասխան տարածք է պետք, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Հիշեցնենք, որ ապրիլի 25-ի առավոտյան Նեպալում 7.9 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել, որի էպիկենտրոնը գտնվում էր մայրաքաղաք Կատմանդուից 82 կմ հեռավորության վրա։ Նեպալի ոստիկանությունը հաստատել է 8019 զոհերի թիվը։ Եվս 16 հազար մարդ վիրավորվել է։





























