Երեւանի գրողների միության պուրակի բետոնապատումը վանդալիզմ է, որի մեղավորությունը քաղաքային իշխանություններինն է։ Այս մասին այսօր՝ մայիսի 11-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը՝ ավելացնելով, որ պուրակի բետոնապատումը կանխելու նպատակով իրենք դիմել են պատկան մարմիններին, որոնց պատասխանների համաձայն այգում ոչ թե ապօրինի շինարարություն է իրականացվում, այլ բարեկարգման աշխախատքներ են կատարվում։
«Մենք ահազանգել ենք քաղաքապետարան, ճարտարապետների միություն, գրողների միություն եւ Կենտրոն վարչական շրջանի թաղապետարան։ Կենտրոն վարչական շրջանի պատասխանում գրված է, որ գրողների միությունում քաղաքաշինական գործունեություն չի ծավալվում, այլ բարեկարգման աշխատանքներ են կատարվում։ Եթե այդ մարդիկ իրենց մասնագիտությունը չեն տիրապետում, ինչի՞ համար է ավագանի ընտրում։ Մենք չենք տեսնում իրենց աշխատանքը, եւ որեւէ արձագանք չենք ստանում կամ սրտացավ վերաբերմունք»,- ասաց Արմեն Պողոսյանը։
Սպառողների միության նախագահի խոսքով՝ գրողների միության պուրակը փրկելու համար իրենք հնարավոր է՝ կդիմեն դատարան, սակայն դեռեւս քաղաքական իշխանություններից խնդրին ուղղված պատշաճ արձագանք են ակնկալում։
«Մենք կարող ենք դատական կարգով այս խնդիրը լուծել , բայց մենք մտադիր ենք բարյացակամության հարթությունում այս խնդիրները լուծել, բայց քանի որ դա չկա, մենք հավանաբար դատական ուղղությամբ կգնանք»,- ասաց նա։
Իրավաբան Պուշկին Սերոբյանը նշեց, որ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի համաձայն պուրակները պատկանում են պետությանը եւ գրողների միության պուրակի բետոնապատումն անօրինական է, քանի որ այն հողատարածք տրամադրելու իրավունք չունի։
«Այստեղ քաղաքապետարանը խախտել է օրենքը։ Գրողների միության պուրակը հասարակական վայր է, եւ պետությունը պետք է դա տնօրինի, եւ իրավունք չունի տրամադրել որեւէ մեկին կառուցապատման համար։ Գրողների միությունը տվել է այդ հողամասը, բայց պետք է չտար, որովհետեւ իրավունք չունի տալու»,- ասաց իրավաբանը։
Նշենք, որ NEWS.am-ը բազմիցս է անդրադարձել Երեւանում կանաչապատման եւ բարեկարգման տակ իրականացվող վանդալիզմին։ Վերջին թարմ օրինակներից մեկն էլ «Ոսկու շուկայի» մոտ հաստաբուն ծառերի կտրման փաստն էր ։ Թե այս, թե Գրողների միության պուրակի դեպքում պատասխանատուն Երեւանի քաղաքապետարանն ու նրա բնապահպանության վարչությունն է, որը շարունակում է նույն ոգով աղավաղել Երեւանի դիմագիծը։





























