Շարունակական հսկողություն է իրականացվում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից Երեւանի ավագանու պարտադիր բարեկարգման, առեւտրի եւ սպասարկումների վերաբերյալ որոշումների պահանջների կատարման նկատմամբ:  Զեկուցվել է, որ նախորդ երկու շաբաթվա ընթացքում արձանագրվել է 39 դեպք: Այս մասին զեկուցվել է Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:

Աղբը չսահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման եւ երեւույթի կանխարգելման ուղղությամբ հսկողության արդյունքում նախորդ շաբաթ 59 վարչական արձանագրություն է կազմվել: Բացօթյա ապօրինի առեւտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների մասով էլ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ հայտնաբերվել եւ վարչական պատասխանատվության է ենթարկվել 4 իրավախախտ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է առավել ակտիվացնել աշխատանքներն այս ուղղությամբ:

Անդրադառնալով կենսաապահովման ոլորտում տեղի ունեցող վթարներին եւ դրանց  վերացման աշխատանքներին՝ քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է խստացնել հսկողությունը խրամուղիներ փորելու ուղղությամբ՝ բացառելով ապօրինի աշխատանքների իրականացումը: Քաղաքապետի հանձնարարությամբ այն բոլոր կազմակերպություններն ու անհատները, ովքեր կփորձեն առանց համապատասխան թույլտվության խրամուղիներ փորել, օրենքով սահմանված կարգով կենթարկվեն պատասխանատվության: