Նախկինում գողության համար դատապարտված Կարինե Սոբչենկոն, որը մեղադրվում է իրեն սեռական հարաբերություն առաջարկած Կարեն Մկրտչյանին սպանելու մեջ, ընդունում է իր մեղավորությունը: Այս մասին այսօր` մայիսի 11-ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում իր ցուցմունքում նշեց ամբաստանյալը` դատարանից խնդրելով մեղմ պատիժ սահմանել:

«Ես մեղավոր եմ, որ ինձ թույլ եմ տվել՝ էդ դանակը ձեռս ա ընկել, ու ես էդ բանն արել եմ: Եթե ժամանակը հետ տային, ես էդ բանն ինձ կյանքում թույլ չէի տա, իմ ազատությունից ես չէի զրկվի, որ սենց տանջվեի ստեղ: Խնդրում եմ, ներեք իմ բոլոր մեղքերը, ես չէի պատկերացնի, որ սենց բան կլինի»,- ասաց Սոբչենկոն:

Ամբաստանյալը պատմեց, որ դեպքի օրը քնած է եղել, սենյակի դուռը կողպած չի եղել,Կարենը հարբած մտել է իր սենյակ եւ հարձակվել է իր վրա:

«Քնածս տեղը Կարենը քցվավ վրես, ես վեր թռա իրան քցեցի պոլին, ինքը սկսեց քֆուրներ տալ ինձ, ասեց՝ գնամ սիգարետս բերեմ, ես քո հախից կգամ, ես ըտեղ վախեցա շատ, որովհետեւ քնահարամ էի, ինքը դուրս եկավ, ես վախից դուռը ներսից փակեցի, գնաց, սիգարետը վերցրեց, եկավ, սկսեց դուռս ջարդել: Ես նեռվային էի, արդեն չէի կարողանում դիմանալ վախից: Ինձ մանուկ հասակում բռնաբարել են, երեխա եմ ունեցել, չէի ուզում, որ էլի տենց բան լինի: Ինքն ինձ քաշեց, ասեց` ես պետք ա քո հետ լինեմ ու վերջ, դանակդ կվերցնեմ, ջիգյարդ կկոխեմ, բայց կանեմ, վախեցած էի, չեմ հիշում` քանի անգամ ու որ մասերն եմ խփել»,- պատմեց ամբաստանյալը` ավելացնելով, որ Կարենը մի քանի անգամ «քաշքշել» է իրեն, սակայն ինքը ամուսնուն եւ տանտիրոջն այդ մասին չի պատմել, քանի որ չի ցանկացել՝ իր պատճառով կռիվ լինի:

 Ամբաստանյալի պաշտպան Կարինե Խաչատրյանը միջնորդեց դատարան հրավիրել դատահոգեբանական եւ դատահոգեբուժական փորձագետներին`ամբաստանյալի հոգեկան վիճակի վերաբերյալ պարզաբանումներ տալու նպատակով: Դատարանը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը: Փորձագետները կհարցաքննվեն հաջորդ դատական նիստին`մայիսի 18-ին:

Հիշեցնենք, որ Կարինե Սոբչենկոյին մեղադրանք է  առաջադրվել` ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա 30.06.2014թ. Երևանի Անդրֆեդերացիայի 1-ին նրբանցքի թիվ 2 տան նկուղային հարկում գտնվող սենյակներից մեկում, վրդովված լինելով Կարեն Մկրտչյանի կողմից իրեն սեռական հարաբերության առաջարկ կատարելու հանգամանքից, խոհանոցային դանակով երկու անգամ հարվածել է վերջինիս կրծքավանդակին, դիտավորությամբ ապօրինաբար նրան զրկելով կյանքից: