Երևանի ՀԱԹ թաղամասում գտնվող «Մալաթիա» տոնավաճառի տնօրեն Ռադիկ Սարգսյանը աշխատակիցներին պարտադրում է աշխատել  ամբողջ շաբաթ` առանց հանգստանալու: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասացին տոնավաճառի աշխատակիցները։ Նրանց խոսքով՝ վերջին շրջանում տոնավաճառում առևտուրը նվազել է, այդ պատճառով աշխատակիցները տաղավարների ամսական վարձը, որը կազմում է 160.000 դրամ, չեն կարողանում վճարել, և արդեն մոտավորապես 60-70 տաղավարներ հանձնել են ու  հեռացել:

Ըստ տոնավաճառի աշխատակիցների`«Մալաթիա» տոնավաճառի  տնօրեն Ռադիկ Սարգսյանը, որպեսզի կարողանա ամսական նույն չափով գումար ստանալ աշխատակիցներից, որոշել է նրանց պարտադրել աշխատել նաեւ երկուշաբթի օրերին, որը նրանց միակ ազատ օրն է: Սակայն աշխատակիցներն արդեն երկու շաբաթ է՝ հրաժարվում են այդ օրը գնալ աշխատանքի։

«Եկել էր տոնավաճառ ու կռիվ էր անում մեզ հետ, ասում էր՝ ինչի՞ երկուշաբթի աշխատանքի չէիք գնացել: Մենք էլ ասացինք, որ հաջորդ երկուշաբթի էլ չենք գնալու, հանգիստ ենք ուզում, շաբաթվա մեջ գոնե մի օր իրավունք չունե՞նք հանգստանալու»,-ասում են աշխատակիցները:

Տոնավաճառի աշխատակիցները նշեցին, որ առևտուրն անքան քիչ է, որ ստիպված էժանացրել են նաև ապրանքը. «Շուտով վերջին զանգ է, բայց բացարձակ առևտուր չկա: Ապրանքի գինը էժանացրել ենք, մատչելի գներ են, դա էլ չի օգնում, եթե ժողովուրդը փող չունի, ինչքան ուզում է՝ էժանացնենք»: