Պաշտոնատար անձանց տների վրա հարձակումներ գործելու մեջ մեղադրվող, այսպես կոչված «Բանդայի գործով» ամբաստանյալների վերաքննիչ բողոքի քննությունն այսօր՝ մայիսի 11-ին ավարտվել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Բանդայի» պարագլուխ համարվող Արտուշ Հակոբյանի փաստաբան Հովիկ Արսենյանը՝ նշելով, որ դատարանն իրեն զրկել է խոսքի իրավունքից՝  թույլ չտալով միջնորդություն  ներկայացնել:

«Ես պետք է միջնորդեի, որ լուսանկարով ճանաչումը հանվեր ապացույցներ շարքից, քանի որ այդ ապացույցը ապօրինի է, ձեռք է բերվել օրենքի խախտմամբ: Ցանկանում էի միջնորդել, որ Արման Դալլաքյանի հետ կատարված «ներքին դիտում» քննչական գործողությունը նույնպես հանվեր ապացույցների շարքից, քանի որ անհայտ է՝ որտեղ է կատարվել, ում կողմից, ինչ նպատակ է  հետապնդում: Ես այդպիսի խեղկատակություն չեմ տեսել, որ առանց միջնորդությունս լսելու դատարանը դատաքննությունը ավարտված համարի»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ դատարանը դատաքննությունն ավարտված համարելուց առաջ պարտավոր էր հարցնել բոլոր կողմերին՝ հավելյալ միջնորդություններ կան, թե ոչ, սակայն չի արել:

Դատարանը վճիռը կհրապարակի վաղը՝ մայիսի 12-ին:

Նշենք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 26-ին «Բանդայի» պարագլուխ համարվող Արտուշ Հակոբյանին դատապարտեց 15, Դավիթ Գալստյանին եւ Սամվել Դավթյանին՝ նույնպես 15, Արթուր Մանուկյանին՝ 11 տարվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման:

Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ձերբակալել էին 16 անձի, որոնցից 11-ին ավելի ուշ ազատ էին արձակել: Կալանավորված Արտուշ Հակոբյանը, Քյարամ Ամոյանը,  Արթուր Մանուկյանը, Դավիթ Գալստյանը եւ Սամվել Դավթյանը մեղադրվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց բնակարաններում, առանձնատներում ավազակային հարձակումներ իրականացնելու համար: Ամբաստանյալները պնդում են, որ իրենք մեղավոր չեն, գործը բարդել են իրենց վրա։