Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում հանձնարարել է պատրաստել հանրապետության մարզերում հայ ճարտարապետների հեղինակած արժեքավոր և ուշագրավ շենքերի վերաբերյալ տեղեկանք, որը կներառի շենքերի հեղինակների անունները և կառուցման տարեթվերը՝ այդ շենքերի վրա նրանց անունները փորագրելու համար:   Այս մասին տեղեկանում ենք Քաղաքաշնության նախարարության մամուլի ծառայությունից։

Նախարարը հանձնարարականը տվել է՝ ընթացք տալով նախարարին կից կոլեգիայի վերջին նիստի ընթացքում մասնագետների բարձրացրած՝ հայ ճարտարապետների աշխատանքների հանրահռչակման և ճանաչելիության խնդրին։

Հանրապետության մարզերում տեղադրվող քանդակների վերաբերյալ քաղաքաշինության նախարարությանն ուղղված դժգոհություն-ահազանգերը կանխելու նպատակով և անսալով մի խումբ քանդակագործների առաջարկներին, ՀՀ քաղաքաշինության նախարարությունում առաջիկայում կստեղծվի նախարարին կից գեղարվեստի հանձնաժողով, որը նախապես կքննարկի մարզերում տեղադրվող քանդակները:

Անդրադառնալով եզրափակիչ փուլում գտնվող Ճարտարապետական գործունեության մասին ՀՀ ճարտարապետների միավորման հետ համատեղ մշակվող օրենքին, նախարարը գնահատանքի խոսք է հայտնել քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանին՝ վերջինիս կողմից օրենքի մշակման ուղղությամբ կատարած աշխատանքների համար: