Հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ներկա գործընթացը եւ վերջին զարգացումները ուղղակիորեն վտանգում են Արցախում բնակվող հայերի ֆիզիկական անվտանգությունը, ՀՀ, Արցախի` ազատագրված մեր Հայրենիքի տարածքային ամբողջականությունը: «Միացում» ազգային նախաձեռնության նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը ողջունել է «Արցախի Հանրապետություն» նախաձեռնության ստեղծումը եւ նշել, որ հայերի համար Արցախի խնդիր գոյություն չունի:

«Մենք ունենք Արցախի բնակեցման եւ ազատագրված տարածքների վերաբնակեցման խնդիր:Արտաքին աշխարհի եւ մեր հակառակորդների հետ բանակցելու ընթացքում կարող էինք ունենալ երկու հզոր կռվան: Այն է.

-Արցախը եւ ազատագրված տարածքները պաշտպանում է հայ զինվորը, ինչը փորձում են ի չիք դարձնել այսօրվա բանակցությունների արդյունքում,

- ազատագրված տարածքներում պետք է բնակեցվեին Ադրբեջանից գաղթած 100 հազարավոր հայեր, ինչը ցավոք չկատարեցին ոչ նախկին եւ ոչ էլ ներկա իշխանությունները, բացառությամբ Քաշաթաղի մասնակի բնակեցման»,- նշել է ազատամարտիկը եւ հավելել. «Սակայն այսօր Արցախի նկատմամբ վտանգները անթաքույց երեւում են, եւ Հայաստանի իշխանությունները նպաստում են Արցախի խնդրի ոչ հայանպաստ լուծմանը, ուստի Արցախում բնակվող հայերը չեն կարող լուռ մնալ եւ համակերպվել այս իրողություններին: Հարցը վերաբերվում է Հայրենիքին: Ով էլ լինի Արցախում ղեկավար, պարտավոր է ենթարկվել Արցախում բնակվող հայերի կամքին»:

Ըստ Սեֆիլյանի՝ տարածքային նվազագույն զիջումն իսկ հանգեցնելու է զինադարի բուն երաշխիքը հանդիսացող եւ Ադրբեջանի ագրեսիվ նկրտումները զսպող ուժերի փխրուն փոխհավասարակռության խախտմանը, ներկայիս ռազմաքաղաքական անվտանգության համակարգի ամբողջական փլուզմանը եւ, դրանով իսկ, Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման անխուսափելիությանը: «Հայաստանի որեւէ իշխանություն պետք է իսպառ հրաժարվի Հայաստանի ազատագրված տարածքների ամբողջականությունը վտանգելու եւ երկրի պաշտպանական համակարգը ոչնչացնելու գնով իշխանական լծակները եւ տնտեսական ապօրինի մենաշնորհային արտոնությունները պահպանելու անիրագործելի մտադրությունից»,- նկատել է Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատարը: