Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Համաշխարհային սկաուտական շարժման գլխավոր քարտուղար Սքոթ Թիրի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ համաշխարհային եւ տարածաշրջանային սկաուտական շարժման պատվիրակության անդամներ: Ողջունելով հյուրերին` քաղաքապետն առանձնակի կարեւորել է երիտասարդության շրջանում կազմակերպության կողմից տարվող աշխատանքները` նկատելով, որ այն հնարավորություն է տալիս պատրաստել հայրենասեր, պատասխանատու եւ գիտակից սերունդ։
«Երեւանի քաղաքապետարանի կողմից կազմակերպվող միջոցառումներին մենք մշտապես փորձում ենք ներգրավել հայաստանյան սկաուտական շարժման ներկայացուցիչներին, եւ պետք է նշեմ, որ նրանք մշտապես աչքի են ընկնում իրենց ակտիվ մասնակցությամբ ու կազմակերպչական ունակություններով: Կազմակերպությունը նաեւ Երեւանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի երիտասարդական հանձնաժողովի անդամ է եւ մշտապես ակտիվ մասնակցություն ունի համաքաղաքային նշանակության տարբեր ծրագրերին, ինչն, անշուշտ, ողջունելի է»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Համաշխարհային սկաուտական շարժման գլխավոր քարտուղար Սքոթ Թիրն իր հերթին, կարեւորելով սկաուտական շարժման գործունեությունը, նշել է, որ Հայաստանն իսկապես ունի հմուտ ու հայրենասեր երիտասարդներ, եւ հաշվի առնելով Երեւանի քաղաքապետարանի հետ ձեւավորված ակտիվ համագործակցությունը` համոզմունք է հայտնել, որ այն էլ ավելի կսերտանա ու կընդլայնվի:
Համաշխարհային սկաուտական շարժման կոմիտեի անդամ Բագրատ Եսայանն էլ, բարձր գնահատելով քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից Հայաստանի ազգային սկաուտական շարժմանը ցուցաբերած աջակցությունն ու մշտական ուշադրությունը, ընդգծել է, որ այն հնարավորություն է տալիս մայրաքաղաքի վարչական շրջաններում էլ ավելի ակտիվացնել սկաուտական շարժման գործունեությունն ու անմիջական մասնակցությունը համայնքային նշանակության ծրագրերին:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ եւս վստահեցրել է, որ Երեւանի քաղաքապետարանը պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակներում աջակցելու բոլոր այն նախաձեռնություններին, որոնք միտված են ապահովելու առողջ հասարակության կայացումը։





























