Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների 2015թ.-ի ապրիլ ամսվա գնահատման ու վերլուծության արդյունքները:

Ներկայացնելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարած աշխատանքների ապրիլ ամսվա ամփոփ ցուցանիշները` քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը նշել է, որ աղյուսակային ընդհանուր սանդղակում առաջին հորիզոնականն զբաղեցրել է Շենգավիթ, երկրորդը՝ Մալաթիա-Սեբաստիա, իսկ երրորդ տեղը՝ Ավան վարչական շրջանը: Ապրիլ ամսվա ամփոփիչ գնահատման եւ վերլուծության արդյունքներով վերջին՝ տասներորդ, տասնմեկերորդ եւ տասներկուերորդ տեղերն էլ համապատասխանաբար զբաղեցրել են Նուբարաշեն, Արաբկիր եւ Աջափնյակ վարչական շրջանները:

Անդրադառնալով գնահատման ցուցանիշներին, որոնք ձեւավորվել են շինարարության եւ բարեկարգման, կրթության, մշակույթի, բնապահպանության, կոմունալ տնտեսության, սեփական եկամուտների հավաքագրման ու քաղաքային տնտեսության մի շարք այլ ոլորտներում իրականացված աշխատանքների արդյունքում, քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ վերոնշյալ բոլոր ոլորտներում առաջադրված խնդիրները լիարժեք լուծելու եւ գնահատման համակարգի համաձայն համապատասխան ցուցանիշներն ապահովելու համար անհրաժեշտ է համակարգված ու ամենօրյա աշխատանք:

«Վարչական շրջանների գործառույթների գնահատման այս մոտեցումը լավագույնս արտացոլում է ձեր կողմից կատարած աշխատանքների արդյունավետությունը,  համաձայն որի էլ 12 վարչական շրջանները զբաղեցնում են համապատասխան հորիզոնականներ: Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների առջեւ այսօր խնդիրը հստակ է դրված: Ամենօրյա հետեւողական աշխատանքի արդյունքում մենք պետք է ապահովենք համաչափ զարգացում քաղաքային տնտեսության բոլոր ոլորտներում: Ըստ այդմ, բոլոր վարչական շրջանները պետք է ձգտեն մշտապես գրանցել բարձր ցուցանիշներ, ինչը կատարած աշխատանքի լավագույն գնահատականն է»,- ընդգծել է քաղաքապետը: