Թուրքիայի կառավարությունն ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին տնօրեն Փորթեր Գոսսին վարձել է՝ լոբբիստական գործունեություն ծավալելու համար: Այս մասին գրում է «Asbarez»-ը՝ վկայակոչելով ԱՄՆ արդարադատության նախարարության կողմից համացանցում հրապարակված փաստաթղթերը:

Գոսսը, որը ԿՀՎ տնօրենն է եղել 2004-2006 թվականներին՝ Ջորջ Բուշի պաշտոնավարման օրոք, արձանագրված է իր նոր գործատուի՝ «Դիքսթեյն Շապիրո» իրավաբանական ընկերության ցուցակում, որը վաղեմի կապեր ունի թուրքական կառավարության հետ:

ԿՀՎ նախկին ղեկավարը «խորհրդատվություն է տրամադրելու առանցքային մի շարք ոլորտներում թուրք-ամերիկյան հարաբերությունների ընդլայնման եւ ամրապնդման մասին, որոնք Կոնգրեսում բանավեճերի առարկա են, այդ թվում՝ առեւտրի, էներգետիկ անվտանգության, ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում եւ Մերձավոր Արեւելքում ու Եվրոպայում տարածաշրջանային կայունության վերականգնման հարցերի շուրջ; Կոնգրեսի անդամներին եւ վարչակազմին տեղեկացնելու է այն հարցերի շուրջ, որոնք կարեւոր նշանակություն ունեն Թուրքիայի համար; Թուրքիային տեղեկացնելու է Կոնգրեսում եւ գործադիր մարմնի որեւէ ճյուղում իրականացվող այն գործողությունների մասին, որոնք կարեւոր նշանակություն ունեն Թուրքիայի համար; վերլուծելու է Կոնգրեսում եւ գործադիր մարմնի որեւէ ճյուղում իրադարձությունների զարգացումներն այն հարցերի շուրջ, որոնք կարեւոր նշանակություն ունեն Թուրքիայի համար»: