ՀՀ Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով ամբաստանյալ, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Ալբերտ Տ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ Արարատի մարզի Ավշար գյուղում ավազակային հարձակում կատարելուց հետո Երեւան վերադառնալիս՝ Երեւանի Նոր Նորքի 7-րդ զանգվածում իրեն բռնել են ՀՀ ոստիկանության աշխատակիցները, ովքեր ինչպես բռնելիս, այնպես էլ՝ ոստիկանության բաժին տեղափոխելուց հետո բռնություն են գործադրել իր նկատմամբ՝ ձեռքերով եւ ոտքերով հարվածներ են հասցրել մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից հայտնում են, թե կալանավոր Ալբերտ Տ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ոստիկանության աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:





























