ՄԻՊ պաշտպանը ՀՀ հատուկ քննչական ծառայությանը հասցեագրված գրությամբ հայտնել է, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալը դիմում է ներկայացնել այն մասին, որ 2015 թվականի ապրիլի 18-ին եւ 20-ին նույն քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները ծեծել են իրեն, որի հետեւանքով գլխի շրջանում մարմնական վնասվածքներ է ստացել:

ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից հայտնում են, թե

հիշյալ դիմումում դատապարտյալը, ով տառապում է հոգեկան հիվանդությամբ եւ ճանաչվել է սահմանափակ մեղսունակ, հայտնել է, որ  2015 թվականի ապրիլի 18-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, հիշյալ քրեակատարողական հիմնարկի բժիշկ-նյարդահոգեբույժը մի քանի այլ աշխատակիցների հետ միասին իրեն տարել են առանձին սենյակ, հայհոյել, հրել, քարշ տալով գցել են գետնին, ծեծի են ենթարկել եւ իր կամքին հակառակ՝ հոգեմետ դեղորայք են ներարկել: Բացի այդ, 2015 թվականի ապրիլի 21-ին հիշյալ ՔԿՀ-ի աշխատակիցները իր նկատմամբ ֆիզիկական բռնություն են գործադրել:

Դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն: