«Ծաղկաձոր Մարիոթ» հյուրանոցային համալիրի աշխատակիցները  կրկին հյուրընկալվել են Հրազդան  քաղաքի  Վ. Սարոյանի անվան №11 հիմնական դպրոցի հատուկ կրթության ստորաբաժանման աշակերտների մոտ եւ նրանց մասնակցությամբ ծառատունկ կազմակերպել դպրոցի շրջակայքում՝ ավելացնելով դպրոցին հարակից կանաչ տարածքները եւ գեղեցկացնելով այգին:

Ակցիայի նպատակն է մշտապես ուշադրության կենտրոնում պահել հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաներին, աջակցել  հատուկ դպրոցի տնօրինությանը եւ ուսուցիչներին, որոնք մեծ ջանք ու եռանդ են ներդնում երեխաների կրթության եւ դաստիարակման գործում:

«Ծաղկաձոր Մարիոթ»  հյուրանոցային համալիրը, ավանդույթ դարձնելով,  կշարունակի նմանատիպ միջոցառումները, որոնք կհիշեցնեն մանուկներին, որ իրենք սիրված են եւ մշտապես ուշադրության կենտրոնում, իսկ նրանց մասնակցությունը ծառատունկին էլ ավելի կմոտեցնի սաներին բնությանը:

Հյուրանոցային համալիրը անցած տարվա ընթացքում նաեւ դրամահավաք է կազմակերպել, որի միջոցով նախատեսվում է մինչեւ սեպտեմբերի 1-ը վերանորոգել դպրոցի հանգստի սրահը:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Ծաղկաձոր Մարիոթ» հյուրանոցային համալիրի կառավարումը իրականացնում է MARRIOTT ընկերությունը, որը, որպես հյուրանոցային կառավարման պատասխանատու, առաջնահերթություն է համարում  օգնել այն համայնքներին, որտեղ գործունեություն է ծավալում, քանի  որ հզոր միջավայրն ու քաղաքը հասարակության բարեկեցության գրավականն են: