«Ոչ թալանին» նախաձեռնությունն այսօր` մայիսի 23-ին, Երեւանում անցկացնում է իրազեկման ավտոերթ, որի նպատակն է բնակչությանն իրազեկել մայիսի 27-ին կայանալիք էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ հավաք-երթի մասին:

«Այսօր իրազեկման ավտոերթի միջոցով քաղաքացիներին հորդորելու ենք միանալ մայիսի 27-ին կայանալիք հավաք-երթին: Շրջելու ենք Երեւանի վարչական շրջաններում, եւ բարձրախոսների ու թռուցիկների միջոցով քաղաքացիներին իրազեկելու ենք երթի մասին»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը:

Ավտոերթի մասնակիցները Իսակովի պողոտայով շարժվելու են Մալաթիա Սեբաստիա  վարչական շրջանում, այնտեղից Աջափնյակ եւ Արաբկիր: Ավտոերթը կավարտվի Նոր Նորքում:

Նշենք, որ ՀԷՑ-ը դիմել է Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովին՝ հոսանքի սակագինը, նախնական մոտ 16 դրամով բարձրացնելու համար։ Հոսանքի թանկացմանը կհաջորդի առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումը, որը մեծ հարված կլինի ցանկացած ՀՀ քաղաքացու գրպանին։