Ժողովրդի ճնշման արդյունքում իշխանությունները չեն բարձրացնի էլեկտրաէներգիայի սակագինը։ Լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, որն այսօր` մայիսի 27-ին, Երեւանի Ազատության հրապարակում մասնակցում էր «Ոչ թալանին» նախաձեռնության կազմակերպած` ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման  բողոքի եւ պահանջի մեծ ակցիա–երթին։

 «Հուսադրող հավաք-երթ է, կարծում եմ, որ սա միակ ճանապարհն է՝  ստիպել ՀՀ իշխանություններին չգնալ այդ քայլին: Մենք  լավագույն փորձը  ունենք, քանի որ տրանսպորտի թանկացման ժամանակ էլի ժողովրդի բողոքի արդյունքում էր, որ իշխանությունն ընկրկեց: Վերջին օրերի ընթացքում ՀԷՑ-ի հայտերի մեջ տասնյակ այլանդակություններ են բացահայտվել, անցած անգամ մենք չհասցրինք շատ խորը ուսումնասիրել ՀԷՑ-ի հայտը, իսկ հիմա շատ լուրջ քրեական հոդվածներ կան, որոնք ուղղակի հարկավոր է ոչ թե Ռոբերտ Նազարյանի հանձնաժողով ուղարկել, այլ ուղղակի` դատախազություն»,-ասաց նա:

Ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հավաք-երթի մասնակից, «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ, ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ իշխանությունների համառությունը բերելու է ժողովրդի ընդվզման։

« Ժողովրդի կեղեքումը չի կարող տևական լինել, համոզված եմ, որ ժողովուրդն ի վերջո ոտքի կկանգնի և կպայքարի ռեժիմի դեմ»,-ասաց Սեֆիլյանը:

Այս պահին Երեւանի կենտրոնում շարունակվում է բողոքի երթը, որին մասնակցում են հարյուրավոր քաղաքացիներ։

Նշենք, որ այսօր էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիաներ են անցկացվում նաեւ Հայաստանի մարզերում:

Հիշեցնենք, որ ՀԷՑ-ը դիմել է Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովին՝ հոսանքի սակագինը բարձրացնելու համար։ Ներկայումս սակագինը կազմում է 1 կՎտ-ի համար 41,85 դրամ ցերեկը, եւ 31,85 դրամ՝ գիշերը։ ՀԷՑ-ն առաջարկում է թանկացնել մինչեւ 58 եւ 48 դրամ համապատասխանաբար: