Ազատության հրապարակում այսօր՝ մայիսի 27-ին, էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիայի ժամանակ «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանին ակցիայի կազմակերպիչները բարձրախոս չտրամադրեցին:

Կուսակցության նախագահը, այնուամենայնիվ, լրատվամիջոցների հետ զրույցում հոսանքի թանկացման դեմ պայքարի իր տարբերակն առաջարկեց:

«Յուրաքանչյուր շենքում 1-2 ակտիվիստներ թող իրազեկեն բոլոր հավաքների եւ բոլոր այն գործողությունների մասին, որոնք նախապատրաստվում են անել նախաձեռնության անդամները»,-ասաց նա՝ նշելով, որ այս դեպքում կազմակերպիչները ստիպված չեն լինի ամբողջ քաղաքում շրջել եւ իրազեկում անցկացնել:

Անի Զախարյանը որպես պայքարի միջոց առաջարկեց նաեւ բոյկոտել ծախսված էլեկտրաէներգիայի դիմաց վճարումները։

 Նշենք, որ հանրահավաք-երթին մասնակցում են «Հիմնադիր խորհրդարանի» անդամները, «Ազատամարտիկների դաշինքը», նաիրիտցիները, մշակույթի եւ քաղաքական գործիչներ:

Հիշեցնենք, որ ՀԷՑ-ը դիմել է Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովին՝ հոսանքի սակագինը մոտ 16 դրամով բարձրացնելու համար։ Հոսանքի թանկացմանը կհաջորդի առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումը, որը մեծ հարված կլինի ցանկացած ՀՀ քաղաքացու գրպանին։