Ադրբեջանը պատրաստ է սկսել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ համապարփակ խաղաղության պայմանագրի ստորագրման աշխատանքները։ Այս մասին Բաքվում ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը։

Ինչպես փոխանցում է haqqin.az-ը, Մամեդյարովը հայտարարել է, թե «Հայաստանի կողմից համաձայնություն ստանալու դեպքում մենք պատրաստ ենք ցանկացած աշխատանքային խմբի շրջանակներում աշխատել համապարփակ խաղաղության պայմանագիր կնքելու ուղղությամբ»։

Նշենք, որ կայացել է նաեւ Ալիեւ-Դաչիչ հանդիպումը, որի ընթացքում նրանք քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ճանապարհները։

Դաչիչը Բաքվում է գտնվում տարածաշրջանային այցի շրջանակներում։ Նա այցելելու է նաեւ Թբիլիսի եւ Երեւան։