Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 2-ին՝ ժամը 05:11-ին, ահազանգ է ստացվել, որ Երեւանի Աթոյան եւ Ռոստովյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար (բախում` հրդեհի բռնկումով), կա արգելափակված տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Ֆորդ տրանզիտ» մակնիշի 23US344 համարանիշի (վարորդ՝ Հ. Ս.) եւ «Հույսի քարավան» տաքսի ծառայության պատկանող «Ռենո» մակնիշի L 3121 համարանիշի ավտոմեքենաները, ապա վերջինս բախվել է սյանը:

Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորը ( Ս. մոտ 32 տ.) տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Հույսի քարավան» տաքսի ծառայության պատկանող «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդին եւ մյուս ուղեւորին (Ա. մոտ 33 տ.), որոնք տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ:

«Էրեբունի» ԲԿ-ի աշխատակիցներից ճշտվել է, որ ուղեւորներից Ս.-ն մահացել է, իսկ վարորդի եւ մյուս ուղեւորի` Ա.-ի, առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր: