Ադրբեջանում Եվրոպական խաղերի անցկացման հետ կապված իրավիճակը սահմանին համեմատաբար հանգիստ է: Այս մասին, այսօր՝ հունիսի 2-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը՝ ընդգծելով, որ դա խոսում է միայն այն մասին, որ լարվածությունը եւ ռազմական գործողությունների անխուսափելության մասին խոսակցությունները ընդամենը արհեստական գործողություններ են, որոնք միանշանակ գալիս են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից:

Նրա խոսքով, եթե հնարավոր է, 2-3 շաբաթում մեծացնել լարվածությունը շփման գծում, նույնկերպ հնարավոր է 2-3 շաբաթում վերադարձնել այն նախկին վիճակին:

«Ցավոք, դա չի նշանակում, որ հունիսից հետո մենք երաշխիքներ կունենաք, որ իրավիճակի լարվածությունը չի կրկնվի: Պարզապես այս ընթացքը վառ վկայությունն է այն բանի, թե կողմերից ով է իրականում լարվածություն ստեղծում:

Կարծում եմ, որ սա շատ հետաքրքիր ուղերձ կարող է լինել ինչպես համանախագահներին, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարներին, որպեսզի նրանք հասկանան, որ խնդիրը տեխնիկական հարցերի մեջ չէ, այլ կողմերից մեկի քաղաքական մոտեցումների»,-նշել է Մինասյանը:

Քաղաքագետը նկատել է, որ եթե Ադրբեջանի ղեկավարությունն իրականում ցանկանում է ցույց տալ իր կառուցողականությունը, կարող է շարունակել բարի կամք դրսեւորել Եվրոպական խաղերից հետո: «Հրադադարի ներկա փխրուն ռեժիմը ցույց է տալիս, որ լարվածության ողջ ալիքը ոչ մի փոփոխության չհանգեցրեց: Արդբեջանը չկարողացավ հասնել որեւէ արդյունքի»,-ընդգծել է Սերգեյ Մինասյանը: