Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն այսօր՝ հունիսի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է լուրերին, թե իր բաջանաղը թանկարժեք ավտոմեքենաներ է վարձակալությամբ տվել «ՀԷՑ»-ին:
«Մեր հանձնաժողովն անցած տարի ընդառաջ գնաց մեր քաղաքացիների բողոքներին եւ խոշոր դրամական տուգանք նշանակեց «ՀԷՑ»-ի նկատմամբ՝ պարտավորեցնելով կատարել քաղաքացիների պահանջները: Մեր հանձնաժողովն իր լիրազորությունների առավելագույն սահմանն օգտագործեց՝ նման որոշում կայացնելով, քանի որ խոսքը սպառողների շահերին է վերաբերվում: Իսկ իմ բաջանաղի գործունեությունից տեղյակ չեմ»,- ասաց Արտակ Շաբոյանը՝ հորդորելով իր շրջապատի մարդկանց գործունեությունը չկապել իր անվան հետ:
ՏՄՊՊՀ նախագահն ընդգծեց նաեւ, որ օրենք խախտած յուրաքանչյուր անձ պետք է խիստ պատասխանատվության ենթարկվի:
«Իմ բաջանաղն է, իմ եղբայրն է, ով ուզում է լինի, եթե չարաշահում է արել, պետք է պատասխանատվության ենթարկվի»,- հավելեց նա:
Նշենք, որ ըստ շրջանառվող լուրերի՝ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի բաջանաղի ընկերությունը՝ «Էկթրաք սերվիս» ՍՊԸ-ն, թանկարժեք ավտոմեքենաներ է վարձակալությամբ տվել «ՀԷՑ»-ին՝ մեկ պայմանագրով որպես ավտոմեքենաների վարձ «ՀԷՑ»-ից ստանալով ավելի քան 259 մլն դրամ:




























