Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ներկայիս հարաբերությունները չի կարելի նոր «վերագործարկում» անվանել։ Այս մասին Bloomberg-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Վերագործարկումը» Հիլարի Քլինթոնի եւ Բարաք Օբամայի աշխատակազմի հորինածն է։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լավ հարաբերություններ ուներ Ջորջ Բուշ կրտսերի հետ, սակայն պրակտիկ համագործակցության մեջ դա չէր երեւում»,- հայտարարել է նախարարը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Օբամայի աշխատակազմի հետ միասին ստեղծվել էր երկկողմ նախագահական հանձնաժողով, հետո ամեն ինչ դադարեցվել էր։ Ես իրատես եմ. նախագահները զրուցում են հեռախոսով, մենք համագործակցում ենք այն ոլորտներում, որտեղ մեր շահերը համընկնում են։ Ես չեմ կարող դա նոր «վերագործարկում» կոչել, ավելի շուտ սա վերադարձ է նորմալ հարաբերությունների»,- նշել է արտգործնախարարը։
Նրա խոսքով՝ 2 առաջնորդների միջեւ շփումները պրագմատիկ բնույթ են կրում։





























