Օդեսայի պետական շրջանային վարչակազմի նոր ղեկավար Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ կհայտնվի Վրաստանում այն պահին, երբ երկիրն ունենա իր կարիքը։ Այս մասին նա հայտարարել է «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում։ Նա նշել է, որ վստահ է 2016թ. կայանալիք ընտրություններում իր թիմի հաղթանակի մեջ։

«Ես վստահ եմ, որ ոչ միայն 2016թ. այլ նաեւ դրանից առաջ Վրաստանում իրադարձությունները կարող են շատ արագ զարգանալ, եւ այն պահին, երբ ես պետք լինեմ Վրաստանին, ես կհայտնվեմ։ Եթե ինչ-որ մեկը հույս էր փայփայում, որ ազատվել է ինձնից, թող իզուր չմխիթարվի դրանով»,- հայտարարել է Սահակաշվիլին։

Սահակաշվիլին նաեւ պատմել է, որ պատրաստվում է ազատել 27 մարզերից  24-ի ղեկավարներին։ Ընդ որում նա պարզաբանել է, որ եթե իրեն զանգահարեն պաշտոնյաներից մեկին պահելու խնդրանքով, ինքը նրան հենց առաջինը կազատի։

Հիշեցնենք, որ մայիսի 30-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Միխայիլ Սահակաշվիլիին նշանակել էր Օդեսայի նահանգապետ, իսկ դրանից մեկ օր առաջ Վրաստանի նախկին նախագահը Ուկրաինայի քաղաքացիություն էր ստացել։

Պորոշենկոն Սահակաշվիլիին Օդեսայի նահանգապետ է նշանակել

Սահակաշվիլին Ուկրաինայի քաղաքացիություն է ստացել

Սահակաշվիլին իր նշանակումը կապել է Վրաստանի շահերի հետ։ «Օդեսան սերտ կապեր ունի Վրաստանում տիրող իրավիճակի  հետ։ Եթե աստված չանի Օդեսան  գրավեն, ապա այն ժամանակ նաեւ Վրաստանը կարող են վերացնել երկրի երեսից»,- ասել է Սահակաշվիլին եւ նշել, որ այդ տարածաշրջանը Պուտինի դեմ պայքարի ճակատ է։