Հունիսի 2-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Չեխիայի Սենատի նախագահ Միլան Շտյեխի հետ:
Ողջունելով Հովիկ Աբրահամյանին եւ պատվիրակության անդամներին՝ Սենատի նախագահը կարեւորել է Հայաստանի վարչապետի այցը Չեխիա՝ համոզմունք հայտնելով, որ այն կնպաստի երկու երկրների ջերմ եւ բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը եւ կխթանի չեխ-հայկական համագործակցությունը տարբեր ուղղություններով:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Հայաստանի վարչապետը նույնպես վստահություն է հայտնել, որ այցը կարեւոր նշանակություն կունենա երկկողմ հարաբերությունները զարգացնելու գործում:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարեւորել են տնտեսական կապերի ակտիվացման անհրաժեշտությունը, միջխորհրդարանական համագործակցության խորացումը, փոխգործակցությունը միջազգային հարթակներում: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը, ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացմանը:





























