ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի ԱԳ նախարար Իվիցա Դաչիչը փաստացի կասկածի տակ դրեց Ռուսաստանի օբյեկտիվությունը ՂԼ հակամարտության կարգավորման հարցում (ֆոտոռեպորտաժ):

Այսօր՝ հունիսի 3-ին, Հայաստանի ԱԳՆ-ում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Դաչիչին հարց ուղղվեց Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու մասին: Ի պատասխան ԵԱՀԿ գործող նախագահը հայտարարեց, որ շատ կարեւոր է, որ «գործընթացի բոլոր մասնակիցները կատարեն իրենց վերցրած պարտավորությունները»: Նրա խոսքով, երկրներն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է կառուցողական մոտեցում ցուցաբերեն եւ աջակցեն խաղաղ գործընթացին:

Դաչիչն ընդգծեց, որ այդ իմաստով անհրաժեշտ է ուսումնասիրել հնչեցված հարցը, դրա հիմնավորվածությունը եւ նման հանձնարարություն տվեց ԼՂ հակամարտության գոտում իր անձնական ներկայացուցչին, եւ Հարավային Կովկասում ԵԱՀԿ հատուկ ներկայացուցչին, ընդ որում, ոչ միայն Ռուսաստանի մասով, այլեւ այլ նմանատիպ հնարավոր խախտումների:

«Զենք-զինամթերքի վաճառքի հարցը պետք է ուսումնասիրել ու պարզել, թե ուր է գնում զենքը»,-հայտարարեց Իվիցա Դաչիչը՝ հավելելով, որ, օրինակ, Մերձավոր Արեւելքում կրակող զենքը գալիս է տարբեր վայրերից: